Նոր կադրային ցնցումների սպասումներում
2016-ին պուտինյան վարչակազմը, հասնելով որոշակի հասունության և անցնելով աշխարհաքաղաքական ճգնաժամի փորձություններով, սկսեց ընտելանալ նոր իրականությանը, փորձելով հնարավորություններ գտնել կառավարման ընթացիկ վնասները նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Սակայն 2017-ին հայտնվում են նոր մարտահրավերներ, որ կադրային ու կառուցվածքային փոփոխությունների նոր ալիք են գուշակում: Ավարտվում է Պուտինի նախագահական երրորդ ժամկետը, որից հետո նրան կմնա վերջին վեց տարին երկիրը նախապատրաստելու իշխանության փոխանցման (պայմանով՝ եթե Սահմանադրությունը չի փոխվում): Ռուսական իստեբլիշմենտը, ամենալայն իմաստով, լավ հասկանում է, որ Պուտինը առաջիկա մեկ-երկու տարիներին ստիպված է որոշումներ ընդունել իր ապագայի ձևաչափում: 2024-ի խնդիրը շատ ավելի բարդ է 2007-ի համանման իրավիճակից, երբ Պուտինը տարիքի ու ընդհանուր կոնյունկտուրայի բերումով չորս տարուց վերադառնալու համոզիչ հնարավորություն ուներ: Դա նշանակում է, որ ինչ էլ նա որոշի, վարչակարգը լրջորեն պետք է ձևափոխվի, չսպասելով նոր ժամկետի ավարտին: Ընտրությունից անմիջապես հետո, եթե Պուտինը, այնուամենայնիվ, առաջադրվի, նա պետք է զբաղվի իր անմիջական ապագայով: Հնարավոր են երեք գլխավոր սցենարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթասցենարները՝ մնալ 2024-ից հետո, հանելով կառավարման ժամկետների սահմանափակման սահմանադրական արգելքը, հեռանալ նախագահի պաշտոնից, բայց պահպանել իր դերը՝ անցկացնելով սահմանադրական փոփոխություն, իշխանությունը փոխանցել լիարժեք իրավահաջորդին (ոչ տեղապահի): Այս բոլոր սցենարները պահանջում են կադրային խոր ռոտացիաներ: Վարչակարգի տրանսֆորմացիան ապրիորի տեղի է ունենում նշանակության նվազման, Պուտինի համար քաղաքական համակարգի սահմանադրական հիմքերի արժեզրկման պայմաններում: Աշխարհաքաղաքական ճգնաժամը հանգեցրեց խաղադրույքների կտրուկ աճի և աշխարհում Ռուսաստանի վիճակի փոփոխության, ռիսկերի աճի: Փոխել Սահմանադրությունը նման «ռազմական» պայմաններում, «պաշարված ամրոցի» գաղափարի տրամաբանության մեջ, արտաքին աճող ճնշման և համաշխարհային քաղաքականության քաոսացման մեջ հոգեբանորեն ավելի հեշտ է: Ռուսաստանը դուրս է մնացել Մեծ ութնյակից, Արևմուտքի հետ արժեքային դիմակայության մեջ է, նշանակում է՝ կնվազի կոշտ քաղաքական բարեփոխումների հեղինակազրկումը: Կոնֆլիկտային իրավիճակում հեռանալ Պուտինի համար շատ ավելի բարդ ու ռիսկային է:
Բայց ինչպիսին էլ լինեն փոփոխությունները 2018-ին ու հետագա տարիներին, աստիճանաբար կձևավորվեն պուտինյան վարչակարգի ապաանձնավորման պայմաններ: Անհատի ավտորիտար դերը հետ կմղի ինստիտուցիոնալացումը, որի ժամանակ «կայունության» համար կպայքարի արդեն ոչ թե նախագահը իր անձնական որակներով, այլ նրա ստեղծած համակարգը: Ձևափոխությունների նոր ալիքը անխուսափելիորեն կպատրաստի այդ համակարգն ինքնապահպանման մեծ կադրային ու ինստիտուցիոնալ ցնցումներից հետո:
Տատյանա ՍՏԱՆՈՎԱՅԱ, Carnegie Moscow Center
Հ.Գ. Ռուսաստանը, այնուամենայնիվ, անկանխատեսելի երկիր է և ոչ միշտ է զարգանում կամ հետընթաց ապրում տրամաբանության կանոններով, ինչ-որ պահի ոտքի է կանգնում ռուս մուժիկը և իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Թերևս հիմա Ռուսաստանի իշխանության գլխավոր խնդիրը դա է՝ վերահսկելի պահել իրավիճակը: Մնացածը տեխնիկայի հարց է: Կամ՝ տեխնոլոգիաների:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ